Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Corinthians 5

:
Armenian - NEA
1 Արդարև, գիտենք՝ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, քայքայվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում։
2 Եվ այս տան մեջ հառաչում ենք, որովհետև փափագում ենք երկնքի բնակությունը հագնել։
3 Միայն թե, երբ այն հագնենք, մերկ չլինենք։
4 Քանի դեռ այս տան մեջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետև ոչ թե ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայինը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը կլանվի կյանքից։
5 Աստված ինքն է, որ մեզ պատրաստում է այս փոխակերպմանը, նա, որ Հոգին տվեց մեզ որպես առհավատչյա։
6 Արդ, միշտ վստահությամբ ենք լցված և գիտենք, որ որքան այս մարմնի մեջ ենք բնակվում, տարագիր ենք Տիրոջից
7 (որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ)։
8 Եվ վստահություն ունենք ու առավել ևս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից և մտնել Աստծու մոտ։
9 Ուստի հոգ ենք տանում, որ մնանք թե դուրս գանք, հաճելի լինենք միայն նրան.
10 որովհետև մենք ամենքս էլ Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ստանա նախկինում իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը։
11 Արդ, գիտենալով Տիրոջ երկյուղի չափը՝ փորձում ենք համոզել մարդկանց, սակայն հայտնի ենք Աստծու առաջ. բայց ես հույս ունեմ, որ ձեր խղճի առաջ էլ հայտնի կլինենք։
12 Ոչ թե մենք մեզ կրկին հանձնարարում ենք ձեզ, այլ ձեզ մեզնով պարծենալու առիթ ենք տալիս, որպեսզի այդ առիթն ունենաք նրանց դեմ, որոնք աչքին երևացածով են պարծենում և ոչ թե սրտում եղածով։
13 Որովհետև, եթե ցնորվել ենք, Աստծու համար է այն, և եթե զգաստ ենք, ձեզ համար է այն։
14 Որովհետև Քրիստոսի սերն է ստիպում մեզ քննելու այս. որ եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, ապա բոլորը մեռած էին։
15 Եվ նա մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, միայն իրենց համար չապրեն, այլև նրա համար, ով մեռավ և հարություն առավ իրենց համար։
16 Այսուհետև մենք ոչ ոքի չենք ճանաչում մարդկային չափանիշով. որովհետև թեպետ մարդկային չափանիշով էինք ճանաչում Քրիստոսին, սակայն այժմ այլևս նույն ձևով չենք ճանաչում։
17 Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։
18 Եվ ամեն ինչ Աստծուց է, որ մեզ հաշտեցրեց իր հետ Քրիստոսի միջոցով և մեզ տվեց հաշտության պաշտոնը։
19 Արդարև, Աստված ինքն էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ և հաշվի չառավ նրանց մեղքերը ու մեզ տվեց հաշտության խոսքը։
20 Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։
21 Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։